28/06/2017 15:17
Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախը կառուցում է ժողովրդավարական երկիր. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացն ընդլայնելու և խորացնելու հարցում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը և սատարում է Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:
«Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի ժողովուրդը կառուցում է ժողովրդավարական երկիր: Թե Հայաստանը, թե Արցախը եվրոպական արժեհամակարգի և քաղաքակրթության լիարժեք կրողներն են», - ընդգծել է Է.Շարմազանովը:
Կողմերն անթույլատրելի են համարել ռազմական հռետորաբանությունը և խնդրի ռազմական լուծումը:
Լուկաշ Կաուցկին դրական է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը և ընդգծել, որ որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան պատրաստ է աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը: