28/06/2017 10:46
Պաշտպանության նախարարությունն այսուհետ անանուն հարցումներ կանցկացնի բոլոր զորացրվածների հետ. Վիգեն Սարգսյան
Արդեն այս զորակոչից հետո կմեկնարկի ՊՆ նոր նախագծերից ևս մեկը՝ «Դիտակետը», այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
««Դիտակետ» նախագծով յուրաքանչյուր զորացրվածի տուն կայցելեն սոցիոլոգներ, ովքեր մոտ 50 հարցից կազմված հարցաթերթի միջոցով կպարզեն զորամասում եղած հարաբերությունները, կենցաղային պայմանները և այլն», - ասաց Վ. Սարգսյանն՝ ընդգծելով, որ հարցումը լինելու է լիովին անանուն:
«Նշվելու է միայն զորամասը, մենք ապահովելու ենք անոնիմությունը։ Որից հետո բոլոր տվյալները հավաքվելու են մի ընդհանուր բազայում ու արդեն սեպտեմբերին կունենանք այդ պատասխանների հիման վրա ձևավորված ամբողջական պատկեր», - ասաց Վիգեն Սարգսյանը։