28/06/2017 14:09
Բազմաթիվ մարդիկ զրկվել են բանակից ստացած իրենց գերշահույթներից. Վիգեն Սարգսյանը
Պետք է ոչ թե առաջնահերթ դարձնենք անհատի մատնանշումը` չնայած դա պարտադիր է, այլ ընթացակարգեր ստեղծենք, այսօր անդրադառնալով զինված ուժերում կոռուպցիայի բացառմանն` ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այդ ընթացակարգերն այսօր մեզ թույլ են տվել զգալիորեն խնայել մեր միջոցներ, որոնք միանշանակ ուղղվում են սպառազինության ավելացմանը` ավելացնելով մեր կրակային խոցման հնարավորություններն ու պաշտպանական միջոցների ձեռքբերումը զինծառայողների համար: Ես բավարարված եմ այն արդյունքներով, որ այսօր ունենք, որովհետև դրանք զգալի են», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Լրագրողի ճշտող հարցին` նախարարը կարո՞ղ է երաշխավորել, որ բանակի ոչ մի օղակում այլևս յուրացումներ չեն լինի, Վիգեն Սարգսյանն արձագանքեց.
«Կարող եմ երաշխավորել մի բան, որ կոռուպցիոն հայտնաբերված ամեն դեպքի հետևից գնալու եմ մինչև վերջ: Այս պահին հաստատ կարող եմ երաշխավորել, որ բազմաթիվ մարդիկ իրենց ստացած գերշահույթներից զրկվել են»: