28/06/2017 16:34
Ապարանի Սուրբ Խաչի քավորներն այս տարի ապրիլյան պատերազմի 7 մասնակիցները կլինեն
Սուրբ խաչ և Սուրբ երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում հուլիսի 2-ին տեղի կունենա 1717-րդ Խաչի տեղադրման արարողությունը: Խաչի քավորներն այս տարի յոթը կլինեն:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով Խաչի քավորն է եղել 2013 թվականին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քավորների ընտրության հարցում երկար են մտածել:
«Այս տարի քավորներն այն մարդիկ են, որոնք կարողացել են և՛ որպես մարտիկ, և՛ որպես մարդ կանգնել հայրենիքի պաշտպանության համար: Ամեն տարի քավորներով հավաքվում ենք, խորհրդակցում, համաձայնեցնում ենք եկեղեցու հետ: Մենք, իհարկե, տոներ շատ ունենք, բայց սա շատ կարևոր և ժողովրդական տոն է», - նկատեց Հակոբ Հակոբյանը:
Արարողությունն ամեն տարի ուղեկցվում է հետաքրքիր միջոցառումներով, որի ընթացքում նախորդ տարվա քավորներն ուղեկցում են նոր քավորներին և նրանց փոխանցում Խաչը:
«Հոգևոր դասի ներկայացուցիչները, հրեշտակների հագուստով երեխաներն ու ազատամարտիկի հագուստով զինվորները Գրիգոր Լուսավորիչի արձանի մոտից կվերցնեն Խաչը: Զինվորները կմոտենան խորանին, հին քավորը՝ Ալեքսան Պետրոսյանը մեր զինվորներին կհանձնի Խաչը: Այն կկնքեն, ձեռքերի վրա կբարձրացնեն մեծ Խաչի մոտ և կտեղադրվի այնտեղ», - հավելեց Հակոբ Հակոբյանը:
Նշենք, որ Խաչը տեղադրված է Երևան-Ապարան խճուղու 33-րդ կմ-ի վրա, ինչը խորհրդանշում է Քրիստոսի տարիքը, իսկ մեծ Խաչի վրա տեղադրված Խաչերի քանակը համահունչ է ՀՀ-ի քրիստոնեություն ընդունած տարիքին: