28/06/2017 13:44
«Սասնա ծռերի» գործով դատարանում բախում է տեղի ունեցել, մեկ մարդ բերման է ենթարկվել. Լուսանկարներ
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամների դատական նիստի ժամանակ դարձյալ լարված իրավիճակ է եղել. Փաստաբաններին դարձյալ փորձել են զննել, և փաստաբանները թույլ չեն տվել, իսկ ներսում բախում է եղել, ինչի հետևանքով Մխիթար Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին ու Արեգ Կյուրեղյանին հեռացրել են դատարանի դահլիճից։
Ոստիկանության ծառայողների հետ բախման հետևանքով մեկ մարդ բերման է ենթարկվել։ Նկատենք, որ ամբաստանյալների շատ հարազատներ հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել դատական նիստին։ Ինչպես նախորդ նիստին, այս նիստում ևս ոստիկանական խումբը ղեկավարում էր Վալերի Օսիպյանը։
Փաստաբաններն այս անգամ ևս պնդեցին, թե չեն ցանկանում զննվել, փոխարենը փաստաբան Լուսինե Սահակյանը առաջարկեց «սքաներ սարք» տեղադրել դատարանում, ինչի միջոցով հստակ կերևա՝ արդյոք արգելված իր կա պայուսակում, թե ոչ։
Դատական նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ փաստաբաններից ու ամբաստանյալներից ոչ բոլորն է՝ ներկա նիստին, նիստը հետաձգվում է և կկայանա հուլիսի 12-ին։