28/06/2017 10:23
Զոհվածների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքները մշտապես պետք է զգան հասարակության, պետության հոգատարությունը
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը համագործակցում է «Յուքոմ հիմնադրամի» հետ՝ մանկահասակ երեխաներ ունեցող ապրիլյան անմահների ընտանիքներին այցելելու և հիմնադրամի դրամական օգնությունը նրանց փոխանցելու համար։
«Վերջերս մեծ հաճույքով համագործակցում եմ «Յուքոմ հիմնադրամի» հետ։ Արդեն մի քանի շաբաթ է Narine Suvaryan-ը և Сона Азарян-ը Հայաստանում, ես՝ Արցախում հասնում ենք հեռավոր գյուղեր ու քաղաքներ՝ մանկահասակ երեխաներ ունեցող մեր ապրիլյան անմահների ընտանիքներին այցելելու և հիմնադրամի դրամական օգնությունը նրանց փոխանցելու համար։
Հեշտ չէ նման ընտանիքներ այցելելը, ընտանիքի անդամները, հարազատները կրկին վերապրում են ողբերգական օրերը, իսկ մխիթարական խոսքեր առանձնապես չկան: Շատերի ընտանիքներ մտնելիս մեծ ուրախություն եմ ապրում, երբ իմանում են, որ մարդիկ կողքից աջակցում են, կողքները կանգնում:
Նրանք մի հարցում համակարծիք են. զոհվածների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքները մշտապես պետք է զգան հասարակության, պետության հոգատարությունը՝ անառիթ:
Կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանի հայրը՝ Վարդանը Սարգսյան, հրաժեշտ տալիս նշեց՝ շատ ծանր օրեր ենք տեսել, բայց հպարտ ենք, երկրին տղա ենք տվել և չափազանց զգացված ենք, որ ապրիլյան մարտական գործողություններից մեկ տարի անց էլ մեզ հիշում ու այցելում են:
Մի բան հաստատ է. այն մարդիկ, ովքեր արյուն են թափել երկրի, երկրի պաշտպանության ապահովման համար, միայն առիթից առիթ չէ, որ պետք է հիշվեն ու գնահատվեն:
Հ.Գ. Հույս ունեմ, որ առաջիկայում բանակում իրականացվող տարբեր ծրագրերին գումարներ ուղղող կազմակերպությունների թիվը կաճի, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու օժանդակության ծրագրերն ու հատկացվող գումարները՝ անկախ այն հանգամանքից, թե դա ում միջոցով կարվի»,-Facebook-յան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։