29/06/2017 13:12
Կարևորվել է հայ-ճապոնական առևտրատնտեսական համագործակցության պայմանագրային դաշտի ամրապնդումը
Արտգործնախարարությունում քննարկվել է հայ-ճապոնական մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը: Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունելով Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային` ասել է.
«25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով և համալրվել նոր բովանդակությամբ»:
Մոտոմե Տակիսավան իր հերթին ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության արժեքները կիսող Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և նպատակադրված են ընդլայնել դրանք:
Զրուցակիցները կարևորել են հայ-ճապոնական միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է արվել հայ-ճապոնական տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև տարերային աղետների կանխարգելման և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։
Զրույցի ընթացքում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության բնագավառում պայմանագրային դաշտի ամրապնդումը:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ գոհունակություն հայտնելով այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ: