29/06/2017 10:19
Անի Զախարյանը դատապարտվեց
Նախորդ տարի ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում ոստիկանության մեքենան դիտավորությամբ վնասելու համար մեղադրվող «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարվեց 1.5 տարվա ազատազրկման։ Սակայն դատարանի վճռով, Անի Զախարյանը պատիժը պայմանականորեն չի կրի և նրա նկատմամբ կսահմանվի փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:
Ավելի վաղ մեղադրող դատախազը պահանջել էր ԱՆի Զախարյանին դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Իսկ երեկ իր պաշտպանական ճառում Զախարյանը դատարանին խնդրել էր արդարացնել իրեն և ընդգծելով իր՝ հղի լինելու հանգամանքը, արտասվել էր դատարանի դահլիճում։
Նկատենք, որ Անի Զախարյանը մեղադրվում էր ՊՊԾ գնդի գրավման օրերին հանրահավաքի ընթացքում ոստիկանության ծառայողական մեքենան վնասելուն դրդելու մեջ։ Մեղադրանքում նշվում է, որ Զախարյանը հնչեցրել է կոչեր ու դրդել ինքնությունները չպարզված անձանց վնասել մեքենան։Նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, ինչը դատարանը հաստատված համարեց։