29/06/2017 18:11
Բացահայտվել է Արեգ Կյուրեղյանի գրության բովանդակությունը. Դատավորը դիմել է Փաստաբանների պալատ. Լուսանկարներ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել էր գրություն փոխանցել իր փաստաբան Արա Ղարագյոզյանին։ Ավելի ուշ լրագրողներին Ղարագյոզյանն ասել էր, որ գրությունը փաստաբանական գաղտնիք է և հասցեագրված է եղել իրեն:
Արտուշ Գաբրիելյանը ՓՊ-ին ուղղված իր նամակին կցել է նաև այն թուղթը, որը մինչև գործով դատավարության մեկնարկը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը փորձել է փոխանցել իր փաստաբան Արա Ղարագյոզյանին:
Թղթի վրա, մասնավորապես, կան հետևյալ գրությունները՝
«Դատավարությունն օգտագործում ենք
1. Ժողովին (հատկապես երիտասարդությանը) ոգևորել
2. Ինքնակազմակերպմանը օժանդակելու
3. Մեր ազգային օրակարգը Արցախի միացմամբ նոր հանրապետություն, հետո Կույր-Արաքսյան տարածքի վերահատացում
4. Մեր գաղափարները տարածելու
5. Աշխարհին հասկացնելու, որ հայերին հնարավոր չէ ստրակացնել և մենք ազատվելու ենք գաղութատիրությունից
6. Դատավարությունը շուռ տալու և վերածելու ռեժիմի մահավճռի
7. Լինելու կազմակերպված և պայքարը շարունակելու մինչև հաղթանակ
8. Հետևել մեր առողջությանը, այն միայն մերը չէ նաև պայքարի համար է»: