29/06/2017 19:28
Թե Հայաստանում, թե այլ երկրներում փորձը ցույց է տալիս, որ օնլայն մեդիայի դեպքում հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած կայքի հետևում. Արփինե Հովհաննիսյան
Մենք պետք է կատարելագործենք մեդիայի իրական սեփականտերերի թափանցիկության վերաբերյալ իրավակարգավորումները, այսօր ԵԽԽՎ նիստում «Անկախ մեդիայի և լրագրողների նկատմամբ քաղաքական ազդեցությունը» հարցի քննարկման ժամանակ ԵԺԿ խմբի անունից ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
«Այնուամենայնիվ, այսօր մեր բոլորի կողմից քննարկման առարկա դարձնելու համար ես ցանկանում եմ բարձրաձայնել մի քանի հարցեր: Գաղտնիք չէ, որ մեդիայի թափանցիկությունը այն հիմնաքարային գործիքն է, որ հնարավորություն է տալիս հանրությանը իրականացնել տեղեկատվության, մեդիայի կողմից բարձրացված գաղափաների և կարծիքների սեփական վերլուծություն:
Սա քանիցս ընդգծվել է հանձնարարականներով և ԵԽԽվ որոշումներով: Սրանք վկայությունն են, որ մեդիայի թափանցիկության ապահովումը Եվրոպայի խորհրդում միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Սակայն կարծում եմ, որ մենք այս ոլորտում դեռ բավական անելիքներ ունենք. և կան խնդիրներ, որոնք ուշադրության և լուծման կարիք ունեն: Խոսքս հատկապես առցանց մեդիայի մասին է:
Եթե տպագիր մամուլի և հեռուստառադիոընկերությունների դեպքում մեդիայի իրական սեփականատերերի և մեդիայի գործունեության թափանցիկությունը ապահովող տվյալների հրապարակման ընթացակարգերը հարաբերականորեն որոշակի են, օրինակ հեռուստառադիոընկերությունների համար ընդհուպ մինչև կոնվենցիոն կարգավորման հիմքեր, ապա կարծում եմ վիճակը այլ է առցանց մեդիայի պարագայում: Զեկույցը արդարացիորեն անրդարադառնում է Access Info կազմակերպության կողմից կատարված հետազոտությանը:
Ես ցանկանում եմ ընդգծել, որ 20 երկրներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ միայն 4 երկրներում կան օրենսդրական կարգավորումներ առցանց մեդիայի թափանցիկության վերաբերյալ, ընդ որում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած օրենսդրական կարգավորումների առկայությանը, այնուամենայնիվ առաջարկվող ընթացակարգերը գործուն չեն և չեն ապահովում առցանց մեդիայի իրական թափանցիկությունը: Սա նշանակում է, որ ինչքան էլ մենք ունենք առաջադիմական գաղափարներ, այնուամենայնիվ մենք չունենք որևէ կառուցակարգ դրանք կյանքի կոչելու համար:
Ընդհանրապես, երբ խոսքը գնում է մեդիայի իրական սեփականատերերի բացահայտմանը, ապա գոյություն ունի հասարակությանը տեղեկատվությունը հասանելի դարձնելու երեք միջոց.
1. Հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցներին բացահայտել սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը հանրային մարմնին, ինչպիսին է լրատվամիջոցների կարգավորող մարմինը:
2. Տեղեկատվության անմիջական բացահայտում. հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցների սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը բացահայտել անմիջապես հանրությանը:
3. Ընկերությունների մասին օրենք. ընդհանուր իրավական պահանջներ, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջել լրատվամիջոցների պատկանելության թափանցիկություն, ինչպես օրինակ կանոններ, որոնք պահանջում են ընկերության բաժնետերերի մասին տեղեկությունը բացահայտել, և տեղեկատվությունը ներկայացվում է գրանցամատյանում: Սակայն պետք է նշել, որ այս միջոցներից որևէ մեկի ընտրությունը առցանց մեդիայի դեպքում բավական բարդանում է:
Թե Հայաստանում և թե այլ երկրներում փորձը ցույց է տալիս, որ օնլայն մեդիայի դեպքում հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած կայքի հետևում:
Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք այս հարթակը՝ գտնելու այնպիսի հավասարակշռված մեխանիզմներ, որ յուրաքանչյուր ընթերցող համացանցային կարողանա հասկանալ, թե ով է լրահոսի հետևում, ով է այդ լրահոսի աղբյուրը, հակառակ դեպքում խոսք լինել չի կարող մեդիա բազմազանության մասին, և այն իրավունքները, որոնց ապահովման համար արդեն քանի տասնամյակներ ջանքեր են գործադրում Եվրոպայի խորհրդի անդամ երկրները և Եվրոպայի խորհուրդը կարող են միանգամից վերածվել միայն թվացյալ իրավունքների», - իր ելույթում ասել է Արփինե Հովհաննիսյանը։