29/06/2017 13:52
Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ կստեղծվի. 30 միլիոն դրամ կհատկացվի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ կստեղծվի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ։
«Պահանջը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել իր գործառույթներից զբոսաշրջության բաղադրիչը հանելու վերաբերյալ», - ասաց Տ. Խաչատրյանը։
Նա նշեց, որ 2017 թվականի համար առաջարկված է, որ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության համար բյուջեում ներկայումս սահմանված և Հայաստանի զարգացման հիմնադրամի ուղղությամբ նախատեսված ֆինանսական միջոցներից առանձնացվի 30 միլիոն դրամ և վերահասցեավորվի զբոսաշրջության զարգացման հիմնադրամին։
Փոխնախարարը վարչապետ Կարեն Կարապետյանից երկու օր ժամանակ խնդրեց ՀՀ կառավարության ու նախագահի աշխատակազմի հետ որոշակի հարցեր վերջնականապես համաձայնեցնելու համար։
«Պայմանավորել ենք չէ՞, որ այստեղ բերում ենք մաքսիմալ քննարկված հարցեր, պայմանավորվեցինք», - ասաց Կարեն Կարապետյանը։