29/06/2017 13:55
Անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին, անմիջականորեն պարտականությունները կատարելիս, անթույլատրելի է. ՄԻՊ (Տեսանյութ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում քննարկման ընթացակարգ է իրականացվում՝ փաստաբանների խուզարկության առումով։
«Այդ առումով պարզաբանումներ պահանջվել են դատական դեպարտամենտից՝ կապված զննություն, խուզարկություն հասկացությունների հետ: Մեկ բան հստակ է՝ անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին, անմիջականորեն պարտականությունները կատարելիս, անթույլատրելի է», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ իր համար խորքային խնդիրը այն է, որ այս պրակտիկայի արդյունքում խախտվում են վստահորդների իրավունքները։
«Սա է այստեղ հիմնարարը, որ անձը զրկվում է իրավաբանական օգնության իրավունքից», - ասաց նա՝ նշելով, որ օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում պրոցեսը ավարտելուց հետո քայլեր կձեռնարկվեն։
Արման Թաթոյանը չցանկացավ կանխակալ գնահատական տալ այս ամենին՝ նշելով, որ ինքն ի պաշտոնե մարդու իրավունքների պաշտպանն է և պարտավոր է օրենքով աշխատել։
«Իսկ օրենքը պահանջում է քննարկման ընթացակարգի արդյունքում տալ գնահատական և հիմա չեմ կարող խախտել օրենքը: Նաև անթույլատրելի եմ համարում խտրականության որևէ դրսևորում, դրա համար գնահատական կտանք քննարկման արդյունքից հետո», - ասաց ՀՀ ՄԻՊ-ը։
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» անդամներից մի քանիսին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններին՝ Արման Թաթոյանն ասաց, որ հաղորդում ունեն բռնության գործադրման հետ կապված և դրանց հիման վրա գիշերվանից սկսած իրականացվում են այցեր։