29/06/2017 13:46
Այսօր շուկան է որոշում ծիրանի գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը. գյուղնախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն, այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով ծիրանի մթերման գնին, գյուղացիների բողոքին, ասաց, որ այսօր շուկայական հարաբերություններ են:
«Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա հստակ խախտում որևէ օրենքի», - ասաց նա:
Ինչ վերաբերում է ահազանգին, որ արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նա ասաց, որ դրա համար կա հակամրցակցային կոմիտե, որտեղ կարող են այդ հարցը բարձրացնել, թե արդյոք կա պայմանավորվածություն, որ գինը նվազում է:
«Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով՝ անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է, երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ, գինը կնվազեր», - ասաց Ի. Առաքելյանը։
Ինչ վերաբերում է կարկուտից տուժած գյուղացիների փոխհատուցմանը, նախարարն ասաց, որ ներկայումս Կենտրոնական բանկն իր կողմից սկսել է տուժածների վարկային գործերի ուսումնասիրության աշխատանքները, մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու համար, իսկ հողի հարկի, ջրի վարձի հարցն էլ ուսումնասիրվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և կառավարությունում:
Ամբողջական գումարի փոխհատուցման վերաբերյալ նախարարն ասաց, որ մինչև ապահովագրական համակարգը չլինի, չենք կարող փոխհատուցել:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ անցած տարի գյուղատնտեսությունում բնակլիմայական աղետներից հաշվառված վնասները կազմել է մոտավորապես 32-36 միլիարդ, սակայն դա ծախսի վնասը չէր, այլ չստացված եկամուտի գնահատումն է:
«Չկա այդքան միջոց, որ փոխհատուցվի բուն հասցրած վնասը: Միայն ապահովագրական համակարգի ներդրումով մենք կարող ենք խոսել փոխհատուցման և գյուղացիական տնտեսությունների ավելի լավ կյանքի, կամ ավելի ապահովված տնտեսության մասին: 2018 թվականից սկսելու ենք պիլոտային ծրագիրը, երեք տարի է տրված, փորձելու ենք ավելի արագ անել, բայց քանի որ դա Գերմանիայի հետ համատեղ ծրագիր է, իրենց հետ պետք բանակցենք, թե որքան արագ կարող ենք», - ասաց նա:
Նախարարը հայտարարեց, որ գյուղատնտեսությունում բնակլիմայական վնասներից վնասը հինգ տոկոսից ցածր է, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ապահովագրական համակարգ ներդնելու համար:
«Իրենց համար դա կլինի հետաքրքիր, քանի որ վնաս տոկոսը այնքան բարձր չէ: Լուծումը ապահովագրական համակարգն է, ուրիշ լուծում չկա», - հավելեց նա: