29/06/2017 11:33
Համապատասխան մթնոլորտի բացակայությունը խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին. ԱԳ փոխնախարար
Միշտ պետք է պատրաստ լինել հարևան հակառակորդի արկածախնդիր քայլերին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի երեկվա այն հայտարարությանը, որ լայնամասշտաբ պատերազմ չպետք է սկսվի:
«Բանակցային գործընթացի համար պիտի լինի համապատասխան մթոնոլորտ, իսկ եթե այդ մթնոլորտը չկա, ապա բանակցային գործընթացում էլ առաջընթաց չի կարող լինել: Պատահական չէ, որ Վիեննայում հենց այդ մասին էինք խոսում, որովհետև երբ կրակում են, սադրանքներ են կազմակերպում, ո՞նց կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ: Պատահական չէ, որ անընդհատ հնչում է այն թեզը, որ Ադրբեջանը չի կատարել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ստանձնած պարտականությունները», - նկատեց նա:
Փոխնախարարը նկատեց, որ խնդիրը ոչ թե Իլհամ Ալիևին բանակցային սեղանի շուրջ բերելն է, այլ ստանձնած պարտավորությունների կատարումը:
«Այն հանգամանքը, որ ինքը համառորեն դա արհամարհում է, գործում է հակառակ միջնորդների կոչերին, հորդորներին, դա այլ խնդիր է: Դա նաև պարտադրում է միջնորդներին գնահատական տալ այդ երկրի նկատմամբ», - հավելեց նա: