29/06/2017 12:24
ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսուհետ աշխատելու է ՀՀ-ում մանկական բուժօգնության բարելավման ուղղությամբ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը նշանակալից արդյունքների է հասել երեխաների առողջական վիճակը բարելավելու հարցում՝ 1990թ-ից կիսով չափ կրճատելով մանկական մահացությունը: Այդ մասին տեղեկացնում են կազմակերպության պաշտոնական կայքից:
«Այնուամենայնիվ, նորածնային մահացությունը կամ մահացությունը կյանքի առաջին 28 օրերի ընթացքում կազմում է մանկական մահերի 75 տոկոսը: Մինչև մեկ տարեկանը մահացության ռիսկը բաշխված է անհավասարաչափ՝ նկատելիորեն բարձր լինելով ամենաաղքատ տնային տնտեսությունների, գյուղաբնակ և միայն տարրական կրթություն ստացած մայրերի երեխաների շրջանում:
2017-2019թթ. Ռուսաստանի Դաշնության օժանդակությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նորածնային վերակենդանացման ծառայությունների և մանկական բուժօգնության բարելավման ուղղությամբ՝ բուժաշխատողներին զինելով անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով առ այն, թե ինչպես միջազգային չափորոշիչներին համահունչ ավելի որակյալ նորածնային ծառայություններ մատուցել, ինչպես նաև՝ մատակարարելու է անհրաժեշտ սարքավորումներ: Գործընկերները նաև մշակելու են տնային այցերի միացյալ համակարգ առաջնային բուժօգնության մակարդակում, ինչը հնարավորություն կտա վաղ բացահայտել նորածինների մոտ առողջական և զարգացման խնդիրները և իրականացնել անհրաժեշտ միջամտություններ», - գրված է կայքում:
Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը իրականացրել է նոր ուսումնասիրություն երեխաների և համայնքների առողջապահության և կյանքի պահպանման օգտին ներդրումներ դրական ազդեցության վերաբերյալ: