29/06/2017 12:44
Հայաստանն ու Վրաստանը միասնական ծրագրեր են իրականացնելու ընդհանուր արտահանման ուղղությամբ
Հայաստանն ու Վրաստանը ուս ուսի հաղթահարել են ժամանակի և պատմության փորձությունները, տնտեսական և քաղաքական ամենաբարդ մարտահրավերները, ինչն էլ կանխորոշել է միջպետական հարաբերությունների զարգացումը, հայ-վրացական գործարար համաժողովում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Արդյունքում մենք ունենք տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներով անկախ պետություններ։ Նաև ուզում եմ արձանագրել, որ չնայած հանգամանքին, որ երկու երկրների միջև երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է, հատկապես աճել է 2017 թ-ի ընթացքում, այնուամենայնիվ իմ գործընկերոջ հետ այսօր առավոտյան հանդիպման ժամանակ արձանագրեցինք, որ դա բավարար չէ և մենք կարող ենք իրականացնել ավելին», - նշեց Ս.Կարայանը:
Նրա խոսքով, Վրաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը առարկայական նշել են բոլոր ուղղություններն ու ձևաչափերը, որոնցով համագործակցելու են, և արձանագրել, որ կա բավականաչափ չօգտագործված ներուժ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ:
«Ինչպես Հայաստանն, այնպես էլ Վրաստանն ունեն արտաքին շուկաներ դուրս գալու լայն հնարավորություններ և ուժեղ կողմեր: Մեր հաջողությունը կարող է հանդիսանալ հենց այն, որ մենք կարողանանք այդ ուժեղ կողմերը միաձուլել և միասնական ծրագրեր իրականացնել` ընդհանուր արտահանման ուղղությամբ», - ասաց Ս.Կարայանը:
Նա նաև նշեց, որ աշխատանքներ պետք է իրականացվեն զբոսաշրջության զարգացման ոլորտում, մասնավորապես` տարածաշրջանային զբոսաշրջության։