29/06/2017 12:30
Հուլիսի 29-ին՝ համապետական շաբաթօրյակ. վարչապետը դարձյալ անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին անդրադարձավ «Մաքուր Հայաստան » ծրագրի ընթացքին՝ նշելով, որ արդեն իրագործվել են մի շարք գործողություններ:
«Այս պահին ֆիքսենք, որ 1480 աղբանոցների սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերություններին», - ասաց նա։
Կարեն Կարապետյանը գործողությունների շարունակականությունը ապահովման նպատակով հանձնանարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին երկուամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական ոլորտի կագավորման և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթ, ինպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշներ:
«Հանձնարարում եմ ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը», - ասաց նա:
Վարչապետը նաև հանձնարարեց մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ՝ ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը:
«Պարոն Լոքյան, ե՞րբ ենք մենք հանդես գալիս այն օրենսդրական նախաձեռնությամբ, որով ուզում էինք համապատասխան ծառայություններ և տուգանքներ կիրառել», - հարցրեց վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:
Նախարարը պատասխանեց, որ նախարարությունում ավարտվել է օրենքի պատրաստման աշխատանքները:
«Առաջիկայում պարոն Հարությունյանի հետ կքննարկվի այդ խնդիրները և ամենաուշը օգոստոսի առաջին տասնօրյակում կընդունենք օրենքը, որ սեպտեմբերին այն տանենք Ազգային ժողով, եթե որոշենք, որ այն հրատապ խնդիրների շարքում է, ապա սեպտեմբերի վերջին կունենանք արդեն օրենքը» , -ասաց Դ. Լոքյանը։