29/06/2017 09:38
ՄԻՊ արագ արձագանքման խումբը այցելել է «Սասնա ծռերի» անդամներին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք:
ԱՎելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ փաստաբանի հաղորդմամբ, Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում ու ստացել վնասվածքներ։ Իսկ Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը և Գագիկ Եղիազարյանը ուժով դուրս էին բերվել դատարանի դահլիճից ու ինչպես ավելի ուշ հայտարարեցին նրանց փաստաբանները, ոստիկանության ծառայողների կողմից դահլիճից դուրս ծեծի էին ենթարկվել։