29/06/2017 14:35
Մանկական մահացության տոկոսը Հայաստանում անհավասարաչափ է բաշխված. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՌԴ կառավարության համատեղ ծրագիր
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՌԴ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնում է ծրագիր՝ նորածնային վերակենդանացման ծառայությունների և մանկական բուժօգնության բարելավմանն ուղղված, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը:
«Ծրագրի հիմնական նպատակը՝ փորձել նվազեցնել Հայաստանում առկա մանկական և հատկապես նորածնային մահացություներ առաջացնող հիվանդությունները», - նշեց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանում, իհարկե, կիսով չափ կրճատվել է մանկական մահացության թիվը, սակայն, մահերի 75%-ը նկատվում է նորածինների շրջանում՝ 28 օրվա ընթացքում:
Նա նաև տեղեկացրեց, որ հիվանդությունները անհավասարաչափ են բաշխված սոցիալական խմբերում և հանրապետության տարածքում:
«Մանկական մահացության տոկոսը, ռիսկի առումով, անհավասարաչափ է բաշխված, այսինքն՝ ամենաբարձր ռիսկը մենք նկատել են, որ առկա է ամենաաղքատ տնտեսությունների շրջանում: Երկրորդ խումբը՝ գյուղաբնակ համայնքներն են, որտեղ առողջապահական ծառայությունների հասանելիության խնդիր կա, նաև՝ որակի: Երրորդ խումբը տարրական կրթություն ստացած մայրերի երեխաների շրջանում է. այստեղ պետք է ներդրումներ կատարվեն՝ հղի կանանց և մայրերի կրթության ուղղությամբ», - հայտնեց մեր զրուցակիցը:
Ինչպես նշեց Զառա Սարգսյանը, ծրագրի շրջանակներում աշխատելու են բուժքույրերի, մանկաբույժների և նեոնատալ ծառայություններում աշխատող մասնագետների հետ, որպեսզի մարզերում բարձրացնեն բուժաշխատողների հմտությունները, բացի այդ, մարզի ծնարաններ մատակարարելու են նեոնատալ ծառայությունների համար անհրաժեշտ տեխնիկա: Նաև արդեն իսկ մարզային հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում գործող 18 ծնողների կրթական կենտրոններում կանչում են և հավաքագրում են այն խոցելի համայնքների մայրիկներին, ում պետք է կրթել երեխային սնուցման և խնամքի գծով:
Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը իրականացնելու համար ՌԴ կառավարության կողմից հատկացվել է 500 հազար ԱՄՆ դոլար, որն իրականացվելու է բոլոր մարզերում 2017-2019 թվականներին և արդեն իսկ մեկնարկել է: