29/06/2017 17:26
Նիկոլ Փաշինյանը պահանջել է Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի մարմինների զննության արձանագրությունների պատճենները
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Արդարատատության նախարարության քրեակատարողական Վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ։
«Ասացի, որ քանի որ կան ահազանգեր, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սասնա ծռեր խմբի այլ անդամներ հնարավոր է ուղեղի ցնցում են ստացել եւ այլ ծանր վնաասվածքներ՝ կարծում եմ, որ նրանք պետք է բժշկական հետազոտության ենթարկվեն քաղաքացիական հիվանդանոցային պայմաններում։ Պարոն Օսիկյանը հավաստիացրեց, որ ՔԿՎ բժշկական ծառայությունները հսկողության տակ են պահում իրավիճակը և ըստ անհրաժեշտության կձեռնարկեն նաև իմ կողմից առաջարկվող միջոցները», - Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նա գրություն է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ հունիսի 28-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի մարմինների զննության արձանագրությունների պատճենները ստանալու համար։
«Գրություն ուղարկեցի ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ միջնորդելով, որ Խանդոյանի, Կյուրեղյանի եւ Սասնա ծռեր խմբի մյուս անդամների նկատմամբ հունիսի 28-ին Երեւանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղային հարկում տեղի ունեցած բռնությունների առիթով քրեական գործ հարուցվի եւ պատշաճ քննություն կիրականացվի», - հավելել է նա։