29/06/2017 15:41
Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, հունիսի 28-ին Պրահայում հանդիպել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Փոխնախագահը բարձր է գնահատել կարդինալ Դոմինիկ Դուկայի անձնական ներդրումը երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև՝ նրա ջանքերը Չեխիայի հայերի ցանկությունն իրականություն դարձնելու գործում. այդ ջանքերի շնորհիվ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:
Էդուարդ Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Դոմինիկ Դուկային՝ Պրահայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են քրիստոնեական ժառանգության պահպանումը և փոխանցումը սերունդներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում և թե՛ Մերձավոր Արևելքում հայկական և քրիստոնեական մշակութային հուշարձանների ոչնչացման, ինչպես նաև օրերս Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի միջոցով մզկիթի վերածելու փորձի կապացությամբ:
ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ այդ փաստը Դեյր Էզ-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման, Նախիջևանում Ջուղային դարավոր խաչքարերի ավերման, Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:
«Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը», - նշել է Է. Շարմազանովը: