29/06/2017 19:36
Ոստիկանները տշել են փողոցում 2 կգ ծիրան ու բալ ծախող տատիկների դույլն ու արկղը. Լուսանկարներ
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը:
«Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացված միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը: Արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,-Facebook-յան իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ Facebook-յան օգտատեր Աննա Մարտիրոսյանը գրառում է կատարել, որտեղ տեսանյութով ու լուսանկարներով ցույց է տվել, թե ինչպես են Մաշտոց-Խորենացի խաչմերուկում ժամը 15:50 սահմաններում 2 մեքենայով քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում փողոցում ծիրան ու բալ վաճառող տատիկների դույլին ու արկղին՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ: