29/06/2017 11:36
Թափանցիկության հիմնական նպատակը պետք է լինի կոռուպցիայի ու հովանավորչության վերացումը. Սերժ Սարգսյան
ՀՀ կառավարությունում Սերժ Սարգսյանն այսօր հակիրճ անդրադարձավ այն հարցին, թե ինչպես պետք է իրականացնեն կառավարության ծրագիրը։
«Թափացիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը, այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև ՀՀ Սահմանադրության վերափոխված պահանջներին համապատասխանելու ու նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը», - ասաց Ս. Սարգսյանը։
Նա նշեց, որ գործադիրից յուրքանաչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի ու օրինակ ծառայի ուրիշների համար։
«Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջաընթացը, դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը», - ընդգծեց ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել։
ՀՀ նախագահն ասաց, որ թափանցիկության հիմնական նպատակը պետք է լինի կոռուպցիայի ու հովանավորչության վերացումը, պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ ողջ հասարակության համար։