29/06/2017 14:00
Սոցապնախարարության առնվազն 6 հաստատություն կվերափոխվի ընտանիքների աջակցության կենտրոնի
Սոցապնախարարությունը ընտանիքների ամրապնդմանն ուղղված ծրագրեր կիրականացնի:
«Առաջիկայում նախարարության կազմում գործող մի շարք կազմակերպություններ վերափոխվելու են ընտանիքների աջակցության կենտրոնների: Երեխաները պիտի ընտանիքներում լինեն, և այս ծրագրերը կիրականացվեն այնքան ժամանակ քանի դեռ նրանց խնդիրները լուծված չեն լինի», - «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախարարությունն ունի պատշաճ մասնագիտական և նյութական ռեսուրսներ նշված ծրագիրը արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար:
«Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մեր համակարգում գործող առնվազն 6 հաստատությունների վերակազմանն ականատես կլինենք: Այս աշխատանքների իրականացումը նախատեսել ենք մեր գործընկերների հետ: Բնական է, որ պետբյուջեի միջոցները միշտ սուղ են լինում», - ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այս ծրագրերը շարունակական են լինելու. «Դրանք շարունական են դառնալու պետբյուջեի միջոցներով իրականացվելիք արվող ծրագրերի համար: Այսինքն՝ ոչ թե միանվագ ինչ-որ գործողություն պետք է անել ու դադարեցնել ծրագիրը, այլ այն դարձնել համակարգային», - հավելեց Արտեմ Ասատրյանը: