29/06/2017 14:47
Վրաստանի խորհրդարանը ենթարկվել է կիբեռհարձակման
Վրաստանի խորհրդարանի պատգամավորների էլեկտրոնային փոստային հասցեները ենթարկվել են կիբեռհարձակման: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստալիքը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ նախօրեին բազմաթիվ վրացի պատգամավորներ միաժամանակ sms հաղորդագրություններ են ստացել կիբեռհարձակման մասին, որոնցում նրանց խնդրել են խուսափել էլեկտրոնային փոստի օգտագործումից:
«Կարծես բոլոր խորհրդարանականները ստացել են հաղորդագրություններ: Հավանաբար բանն այն է, որ հարձակում է տեղի ունենում, կան շատ վիրուսային նամակներ, և դա սպառնում է համակարգի պաշտպանությանը: Երեկ մեզ հայտնել են սահմանափակման մասին, իսկ այսօր՝ այն մասին, որ ամեն ինչ կարգավորված է», - լրագրողներին ասել է խորհրդարանի պատգամավոր Սերգո Ռատիանին:
Տվյալներ այն մասին, թե պատգամավորների կամ խորհրդարանի սերվերից օգտվող աշխատակիցների քանի էլեկտրոնային փոստի հասցե է կոտրվել, չի հաղորդվում: Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարում են, որ փորձում են պարզել դեպքի հանգամանքները: