29/06/2017 13:50
Պետք է համատեղ արտադրությամբ կարողանանք երրորդ երկրների շուկաներ դուրս գալ. Վրաստանի էկոնոմիկայի նախարար
Հայաստանի և Վրաստանի միջև պետք է ստեղծել այնպիսի ենթակառուցվածք, որ երկու երկրների բիզնեսները կարողանան ավելի արդյունավետ համագործակցել, Երևանում մեկնարկած հայ-վրացական գործարար համաժողովին ասաց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան։
«Սա ամենակարևորն է։ Մեզ համար կարևոր են գյուղատնտեսությունը, տրանսպորտն ու հաղորդակցությունը, տուրիզմը, այն հնարավորություններն ու հաջողությունները, որ ունեն երկու երկրները։ Մենք պետք է կիսվենք մեր հաջողություններով, որպեսզի միասին համատեղ արտադրությամբ կարողանանք երրորդ երկրների շուկաներ դուրս գալ։ Դա է մեր հիմնական խնդիրը»,-ասաց Գ. Գախարիան։
Նա նշեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2017թ. սկսել է փոքր ինչ կարգավորվել և նույնիսկ աճել, բայց դեռ հսկայական ներուժ կա այն ավելի մեծացնելու։
«Կարծում եմ, որ 350-400 մլն դոլարը երկու երկրների առևտրաշրջանառության համար բավականին քիչ է, մենք պետք է մեծացնենք այդ թիվը», - ասաց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։