29/06/2017 13:33
Տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված մարդկանց թիվն աճել է 17 տոկոսով. Արտեմ Ասատրյան
2016 թվականին աշխատանքի զբաղվածության համար տրամադրվել է 2 մլրդ դրամ:
«2016 թվականի ընթացքում աշխատանքի զբաղվածության ծրագրերում ընդգրկված 13470 անձ աշխատանք է ձեռք բերել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված մարդկան թիվն աճել է 17 տոկոսով», - «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարի խոսքով՝ հայրենական մեծ պատերազմի մասնակիցների պարգևավճարները ևս բարձրացվել են.
«Այս միջոցառումը հնարավորություն ենք ունեցել իրականացնել համակարգում ներքին խնայողությունների արդյունքում», - նշեց նախարարը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2016 թվականին նախատեսել էր իրականացնել 97 ծրագիր, որոնց համար նաև բյուջեի պահուստային ֆոնդից են միջոցներ հատկացվել:
Նախարարությանը հատկացվել է շուրջ 360 մլրդ դրամ, իսկ ծրագրի կատարողականը կազմել է 99,5 տոկոս: Ոլորտին հատկացված միջոցները կազմում են պետբյուջեի 27.4 տոկոսը:
Սոցապ նախարարն ընդգծեց, որ դրանց մեծ մասը սոցիալական տրանսֆերտներն են կազմել, որոնք տրամադրվել են 1 մլն 200 հազար քաղաքացու: