29/06/2017 12:20
Տեսչական ստուգումների կասեցումը դարձյալ կերկարաձգվի. վարչապետը բացատրեց նպատակը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեսչական ստուգումների կասեցման երկրաձգմանը։
«2017 թվականի հունվարի 26-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների, սահմանափակվել են տեսչությունների կողմից իրականացվող ստուգումներ», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ հաշվի առնելով ՀՀ-ում տեսչական բարեփոխումների շրջանակներում այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաև տնտեսվարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատելու անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում է կառավարության հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարագելու վերաբերյալ։
«Մեր հանրությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսը զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից և ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների վրա», - ասաց Կարեն Կարապետյանը։
Վարչապետն ընդգծեց՝ ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք էական վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին։