29/06/2017 14:22
Համազգեստավորները հերթ են կանգնել ու հերթով, բավականին երկար ժամանակ ծեծել են Խանդոյանին. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Արայիկ Խանդոյանը բռնության է ենթարկվել, խոշտանգվել է, այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Խանդոյանը խոշտանգման է ենթարկվել ամենադաժան ձևով։ Նրան դատարանի շենքում մոտավորապես 15 մարդ դաժանաբար ծեծի է ենթարկել, ընդ որում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել, հերթով մտել, ծեծի են ենթարկել։ Պատճառը եղել է այն, որ Արեգ Կյուրեղյանին ծեծով բերել են, ուղղակի չեմ ուզենա էս բառն ասել, բայց տշելով բերել են, ինքը բարձրաձայնել է՝ ի՞նչ եք անում։ Ու այդ համազգեստով մարդիկ շարունակել են նրան ծեծել։ Ես կասկած չունեմ՝ նա առնվազն ուղեղի ցնցում ունի, քանի որ շատ վատ էր վիճակը», - ներկայացրեց փաստաբանը։
Պաշտպանի խոսքով՝ Խանդոյանը շատ հարվածներ ստացել է գլխի շրջանում, երիկամներին, ոտքերն են եղել վնասվածքներով։
«Ընդ որում՝ բավականին երկար ժամանակ ծեծել են։ Եբր դահլիճում գտնվող տղաներին իջեցրել են ներքև, ու Արայիկը չի ցանկացել, որ մյուսները իմանան իր վիճակի մասին, փորձել է թաքցնել, բայց նրանք նկատել են։ Խցում եղել են արյան հետքեր», -հավելեց փաստաբանը։
Բացի Խանդոյանից, ծեծի են ենթարկվել նաև Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը՝ «ընդգծված ագրեսիվ ու դաժանորեն»։ Ծեծը, ըստ պաշտպանի, ուղեկցվել է հայհոյանքներով։
Խանդոյանին երեկ երկու անգամ բժիշկ է այցելել։
«Եթե կարելի է նրան բժիշկ համարել։ Ճնշումն է չափել՝ մի դեպքում բարձր է եղել, մյուս դեպքում՝ ցածր։ Նրա ոտքերի վրա վերքերը խորն են ու այդ բժիշկների կողմից որևէ քսուք չի տրամադրվել, ոչինչ։ Որևէ կասկած չկա, որ նա այս պահին մասնագիտական բուժօգնության կարիք ունի», - հայտարարեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին՝ Խանդոյանին ապահովել մասնագիտական բժշկական օգնությամբ։
Նա հորդորեց ԱՆ ՔԿՎ ղեկավարությանը ստահոդ տեղեկություններ չտարածել։
Պաշտպանը նաև ընթերցեց հանցագործության մասին հաղորդման տեքստը, որում, մասնավորապես, ասվում էր. «Խանդոյանին ծեծել և խոշտանգել են ոստիկանի համազգեստը կրող բազմաթիվ էակներ՝ դատարանի տարածքում: Նշված հանգամանքները իրավական պետությունում քննվում են օրենքով սահմանված կարգով և հանցագործները ենթարկվում են քրեական պատասխանատվության: Թեև ներկայիս ռեժիմը Հայաստանը վեր է ածել անիրավ պետության, այդուհանդերձ գլխավոր դատախազից և Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք անհապաղ սկսել քննություն և ապահովել դրա կատարյալ թափանցիկություն:
Փորձ չանեք որևէ մեկին մոլորեցնել կամ խաբել նախաքննական գաղտնիք եզրույթով. հանրությանը, Արայիկ Խանդոյանին, նրա պաշտպաններին տրամադրել ամենօրյա տեղեկատվություն՝ քննության ընթացքի, համազգեստավոր էակների, կատարված բոլոր գործողությունների մասին։
Մեր պահանջներից որևէ մեկի չկատարումը հաստատելու է մեր այն համոզմունքը, որ Հայաստանի իշխանությունը զավթված է բանդայի կողմից, իսկ դրանց՝ իրավաբանական հիմքով սահմանափակումն անթույլատրելի է, քանի որ Արայիկ Խանդոյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ բոլոր բռնությունները մեկ անձի քաղաքական պատվերն ու անձնական վրեժխնդրությունն են, ինչն իրավունքի հետ որևէ առնչություն չունի»։
Փաստաբանն ասաց նաև, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը պետք է ինքնաբացարկ հայտնի, քանի որ իր նախագահությամբ ընթացող նիստի ժամանակ է կատարվել խոշտանգումը։