29/06/2017 12:12
Օգոստոսին Գյումրիում, իսկ տարեվերջին Վանաձորում հասանելի կլինեն երկրատեղեկատվական համակարգեր
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը երկրատեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ հանձնարարական տվեց։
«2016 թվականին մեր կողմից նախաձեռնվեց տնտեսության տարբեր ոլորտներում ճյուղային երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրեր։ Երևանում արդեն իսկ ներդրվել է այդ համակարգը», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ օգոստոս ամսից արդեն այն հասանելի կլինի նաև Գյումրի քաղաքում, տարեվերջին՝ Վանաձորում։
Կարեն Կարապետյանը Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց երեք շաբաթյա ժամկետում ուսումանսիրել ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել առկա թվային քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն։
Նա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց ապահովել տեղեկությունների՝ ՏԻՄ կողմից հավաքագրումը, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների, ապա Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին էլ հանձնարարեց մեկամսյա ժամկետում Անշարժ գույքի պետական կոմիտե ներկայացնել իրենց տնօրինման տակ գնտվող կամ շահագործման հանձնված գծային ենթակառուցվածքների նյութերը։
Կարեն Կարապետյանը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց տվյալները ստանալուն պես 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
«Ուզում եմ երկու խոսք ասել, շատ շահագրգռված ենք, որպեսզի օգտատերերը այդ համակարգից տան առաջարկություններ, թե ինչն է պետք բարելավել։ Այսօր Երևանում ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձը ենթակառուցվածքների միանալու դեպքում կարող է այդ համակարգից օգտվել ու հասկանալ՝ այս հասցեով ինքն ինչքան հնարավորություն ունի կիլովատտ ստանալու, գազ, ջուր ստանալու», - ասաց վարչապետը։