29/06/2017 16:48
Ստոմատոլոգիական ծառայության խնդիրները հնարավոր է լուծել պետպատվերից օգտվողների թվի կրճատմամբ. Նախարար
Ստոմատոլոգիական ծառայությունների որակից թոշակառուները չեն կարող բողոքել, քանի որ սպասարկման գինը ցածր է, խորհրդարանում, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարցին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Որակը ցածր է, գինը ցածր է, պահանջատերերը առանձնապես ձայն չեն բարձրացնում՝ հասկանալով, որ գինը ցածր է, բժիշկներն էլ աշխատավարձ չեն ստանում», - ասաց նախարարը:
Ալթունյանը նաև նկատեց, որ թոշակառուներին տրամադրվող պրոտեզները որակյալ չեն:
«Ունենք թոշակառուներ, որոնք ունեն մի արկղ ոչ պիտանի պրոտեզ: Տարին մեկ պրոտեզ են պատվիրում, որը չեն էլ կարողանում կրել», - ասաց Ալթունյանն՝ ընդգծելով, որ սա առաջնային խնդիր է նախարարության համար:
Խնդրի լուծման տարբերակը նախարարը տեսնում է պետպատվերից օգտվող սոցիալական խմբի շրջանակի նեղացմամբ. «Պետք է հայտարարել, որ մենք չենք կարող սպասարկել ամբողջ բնակչությանը, պետք է կենտրոնանք ոչ ապահով խավերի վրա»: