29/06/2017 16:15
Եթե դուք ուզում եք կերակուրից լափ ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք. Նախարարը՝ ծերանոցի կերակուրի մասին
Թիվ 1 տուն ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը միակողմանի է ներկայացված, լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Շատ միակողմանի ներկայացված նյութ էր: Եթե իրականությունը տեսնելու ցանկությունը կա, պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում և վերանորոգվածները», - ասաց նախարարը:
Ա.Ասատրյանը նշեց, որ նախարարությունը երբեք չի փորձել համակարգում առկա խնդիրները քողարկել: «Խնդիրներն ինքներս ենք բարձրաձայնում, և խնդիրների լուծումներ տվողը նորից մենք ենք», - ասաց նա:
Նախարարի պնդմամբ՝ անհրաժեշտ փոփոխությունները քայլ առ քայլ են արվում և դրանք տեսնելու համար ժամանակ է պետք:
«Կատարվո՞ւմ են քայլեր, իհարկե կատարվում են, բավարա՞ր են, կարծում եմ՝ դեռ ոչ, բայց այդ ուղղությամբ վստահեցնում եմ աշխատանքները շարունակական են լինելու», - նշեց Ա.Ասատրյանը:
Անդրադառնավ տարեցներին տրամադրվող կերակուրին՝ նախարարը նշեց. «Դրա վերաբերյալ շատ պարզաբանումներ են ներկայացվել, բայց ասեմ, եթե դուք ուզում եք կերակուրից լափ ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք, եթե ուզում եք կերակուր ներկայացնեք, ապա կերակուր կներկայացնեք: Չեմ կարծում, որ ձեր բերած օրինակը որևէ բան էր նշանակում», - ասաց նախարարը: