30/06/2017 11:21
Օդից չէր, որ եռանախագահող երկրներն առաջարկեցին ստեղծել հետաքննության մեխանիզմ. Նալբանդյան
Մենք մեր հնարավորությունների համաձայն ենք մեր ոտքը մեկնում, ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից հետո սահմանին լարվածությունը մեղմացնելու համար:
«Մենք մեր հնարավորությունների համաձայն ենք մեր ոտքը մեկնում, որոշ արդյունքներ կան, բայց գոռգոռալ, որ վաղը մենք այս կամ այն կանենք, այդպիսով ոչ մի բանի չենք հասնի», - ասաց նախարարը:
Վերջինս հիշեցրեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքում կայացրած որոշումները նույնն էին, ինչ՝ ՀՀ նախագահն էր ասում։
«Երբ եռանախագահող երկրների կողմից ասվեց, թե պետք է հետաքննության մեխանիզմ ստեղծվի, դա այն էր, ինչ Հայաստանն էր ասում։ Կարծո՞ւմ եք՝ դա օդից է լինում: Դա համապատասխան աշխատանքի արդյունք է», - նշեց նա:
Խոսելով Ադրբեջանի ագրեսիվության մասին՝ Նալբանդյանն ընդգծեց, որ դրա համար Ադրբեջանը նախ պատասխանատու է միջազգային հանրության առջև։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ բանակցություններին, նախարարը նշեց.
«Կարելի է փիլիսոփայական պատասխաններ տալ Ձեր հարցերին։ Շատերն ասում են՝ Թուրքիային պետք է ստիպել, ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այլ ստիպել, որ ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դե գնացեք ստիպեք, տեսնեմ՝ ինչպես եք ստիպելու: Մենք դա կարող ենք անել, եթե միջազգային հանրությունը մեզ միանա, իսկ այսօր այն մեզ միացել է»:
Նալբանդյանը նաև հավելեց, որ բանակցել պետք է բոլոր երկրների հետ անխտիր, որովհետև միայն բանակցությունների և երկխոսության արդյունքում կարող են հարցերը լուծվել: