03/07/2017 10:49
ԿԳՆ-ն առաջարկում է փոխել բուհերի լիցենզավորման գործընթացը և կրճատել դրանք
ՀՀ-ն ունի 87 հազար ուսանող և 66 համալսարան, ինչը մտահոգիչ է, խորհրդարանում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Աշխարհում նման ցուցանիշ դժվար կգտնենք, ունենք համալսարաններ, որտեղ 100-400 ուսանող է սովորում, կրթության որակն այստեղ տուժում է: Բարձրագույն կրթությանն ուղղված չափորոշիչներն այս տրամաբանությամբ չեն կարող աշխատել», - ասաց նախարարը:
Վերջինս ընդգծեց, որ այս խնդիրները լուծելու համար պետք է լիցենզավորման գործընթացը փոխել:
«Ի՞նչ ենք արել մինչև այսօր. ավտոմատ տվել ենք ինստիտուցիոնար հավատարմագրումը, բայց առարկայական, մասնագիտական հավատարմագրման պիտի գնանք: Նյութերն արդեն պատրաստված են: Մեկ տարվա ընթացքում պետք է անցնենք դրան, որպեսզի մանկավարժական ինստիտուտներում կադաստրային գործ չդրվի, և ՀՀ-ում ունենանք ուժեղ, իրենց առաքելությանը հավատարիմ, օպտիմալ բարձրագույն կրթական հաստատություններ, որտեղ ուսանողը իր շարժունակությունը կստանա», - նշեց նախարարը:
Լևոն Մկրտչյանը նաև ընդգծեց, որ մտահոգիչ է մասնագիտական առաջնահերթությունների վերանայումը. «Եթե նայում ենք անցած տարվա բակալավրիատի ցուցանիշներն, ապա մոտ 70 տոկոսը հումանիտար մասնագիտության ներկայացուցիչներ են: Եթե արմատապես չբարելավենք վիճակը և բնական գիտությունների դոմինանտության չբերենք, ՀՀ-ն կդադարի գիտական տարածք դառնալ և սպասարկման տարածքի կվերածվի: Սա լուրջ վտանգ է ու լուրջ կրթական բարեփոխումները պիտի անենք այս խնդիրները լուծելու համար»:
Նախարարը նշեց, որ այս նպատակով նախատեսվում է դոնորների ջանքերով ՀՀ-ում բարձրագույն որակի փոքր հետազոտական ուսումնական համակարգ ստեղծել և վերանայել կրթաթոշակների ու պետպատվերի համակարգը՝ ուսումնական համակարգում ներգրավելով անապահով խավին:
Լևոն Մկրտչյանը նկատեց, որ ԿԳՆ օրենքի ուղղությամբ աշխատանքներն ավարտված են, դրանք անցել են քննարկումների փուլը ու հույս հայտնեց, որ արդեն աշնանը ծրագիրը կառավարությանը ներկայացնելուց հետո այն կքննարկվի ԱԺ-ում և կընդունվի: