08/07/2017 12:18
Արձակուրդների հետքերով. Դպրոցական ու ուսանողական տարիներին Հրաչյա Ռոստոմյանը ամռանը գրեթե չի հանգստացել, նախարար եղած ժամանակ՝ ընդհանրապես
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը դեռ երիտասարդ տարիքից է տարված եղել սպորտով։
Aysor.am-ի հետ զրույցում նախարարը, վերհիշելով դպրոցական տարիները, նշում է, որ ամառները գրեթե չի հանգստացել, քանի որ իրեն «տվել է սպորտին»։
«Դպրոցական տարիքից զբաղվել եմ սպորտով, իսկ սա նշանակում է, որ ամառները գրեթե չեմ հանգստացել, քանի որ մշտապես մասնակցել եմ ուսումնամարզական հավաքների: Այնպես որ, ես ամառային արձակուրդներին ավելի քիչ հանգստացել եմ և ավելի շատ՝ մարզվել», - պատմում է Հրաչյա Ռոստոմյանը։
Ուսանողական տարիներին ամռանը նրա կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել. ապրել է նույն կյանքով, ինչ դպրոցական տարիներին։
Եթե դպրոցական ու ուսանողական տարիներին Հրաչյա Ռոստոմյանը ամռանը գրեթե չէր հանգստանում, ապա նախարար եղած ժամանակ ընդհանրապես չի հանգստանում։
«Լինելով պաշտոնյա՝ ես, նախ և առաջ, մարզաշխարհի ակտիվ ներկայացուցիչ եմ և իմ մյուս գործընկերների նման ամռանը չեմ հանգստանում, քանի որ ամառը համընկնում է տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնությունների նախապատրաստական փուլերի հետ: Մենք հիմնականում հանգստանում ենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին», - նշում է սպորտի նախարարը։