11/07/2017 14:25
Հրաչյա Հարությունյանը Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին
Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Հարությունյանի ազգականը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
«Մեր արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրել են, որ Տամբովից տեղափոխել են Մոսկվա և կիրակի օրն էլ օդանավով կտեղափոխվի Երևան», - ասաց Մարտիրոսյանը:
Նա փոխանցեց, որ նախարարությունից հետաքրքրվել է նաև, թե որ քրեակատարողական հիմնարկում է Հարությունյանը կրելու իր պատիժը, սակայն հստակ որևէ լուր չեն հայտնել իրենց:
«Ասել են, որ օդանավակայանից միանգամից տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ», - ասաց Մարտիրոսյանը:
Հարությունյանի տեղափոխման ժամի մասին որևէ տեղեկություն հարազատներին հայտնի չէ:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: