13/07/2017 13:20
Արծվանիստ գյուղում 15-ամյա դեռահասը գնացել է «խոպան» (Լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի Գալստյանների ընտանիքում Ռուսաստան գնացած խոպանչիները երկուսն են՝ հայրը և նրա 15-ամյա որդին:
Այժմ տան միակ տղամարդը 82-ամյա Մուշեղ պապն է՝ գլխարկը գլխին, հազիվ տեսնող աչքերը՝ ծերունական կճիռներից կորացած:
«Ռուսաստան են գնացել: Հերն առավ տղուն գնաց, փող կաշխատեն», - ասում է Մուշեղ պապը:
Երեխայի մոր՝ 32-ամյա Անուշ Գասպարյանի ուսերին է տան հոգսը: Գասպարյաններն ունեն չորս երեխա՝ 3 տղա, մեկ աղջիկ: Ամուսինը տասը տարուց ավելի է՝ գնում է «ռուսաստաններ»՝ «խոպան». «Գարունը բացվում է, գնում է, ձմեռը գալիս է արձակուրդ»: Այս տարի ընտանիքով որոշել են, որ հորը կմիանա նաև 15-ամյա որդին:
Երիտասարդ կինը ամաչում է խոսել ստեղծված վիճակի մասին, մի տեսակ արդարանում է.
«Գյուղում ի՞նչ կար որ. ոչ արհեստ, ոչ մի զբաղմունք, պետք ա ընգներ փողոցներ կամ գնար երկրապահի մոտ: Մենք էլ որոշեցինք, որ գնա Ռուսաստան՝ հոր հետ արհեստ սովորի: Մեր ժողովուրդը գնում ա Ռուսաստան ի՞նչ ա անում՝ քար են շարում: Էդի արհեստ չէ՞»:
Իր շրջապատում բացասական օրինակներ է տեսել ու չի ուզում նույնը կրկնվի որդու հետ. «Հենա մեր կողքը լիքն են մարդիկ, որ կարմիր դիպլոմ ունեն, բայց հող են մշակում: Մնար ստեղ ինչ կրթություն ստանար էլ, մեկա, էլի հող էր մշակելու»:
Տնամերձ հողամասում գյուղատնտեսական աշխատանքներն Անուշն է անում, երբեմն նրան օգնության է հասնում ծերունի սկեսրայրը. հիմնականում «կարտոլ» են ցանում, մշակում: