15/07/2017 11:45
Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրգործը կքննվի Կենտրոն և Նորք Մարաշի դատարանում
«Իգլա»-ի տեղափոխման գործով մեղադրյալ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուս վեց անձանց վերաբերյալ քրեական գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ քրգործն ընդունվել է դատավոր Արշակ Վարդանյանի վարույթ:
Առայժմ դատական նիստի օր նշանակված չէ:
Նկատենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` քրեական գործերով դատավոր Արշակ Վարդանյանը 2016-ին լավագույն դատավոր էր ճանաչվել:
Մեղադրական եզրակացության համաձայն, Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Կարեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Անդրանիկ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Ժորա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյունելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: