17/07/2017 16:12
Աշոտյան. Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի լինի. թեման շահարկում են ռուսական լրատվամիջոցները
Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ի թիվս այլ պատգամավորների՝ նա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Մոսկվայում և մասնակցել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:
«Հանդիպումն անցել է շատ բաց, գործընկերային քննարկման ձևաչափով։ Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակն, այդ թվում՝ միջխորհրդարանական, թույլ է տալիս լինել առավելագույնս ազնիվ։ Մեր գործընկերների կողմից հնչեցրած հիմնավորումներին տեղում հնչել է մեր պատասխանը, հենց իմ շուրթերից, առ այն, որ Հայաստանում ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում: Ուզում եմ այս հանգամանքը միանգամից շեշտել, որպես անառողջ քննարկումներին վերջ տալու իրողություն», - հայտարարեց Ա.Աշոտյանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հայաստանցի վարորդները կկարողանան իրենց վարորդական իրավունքներով աշխատել Ռուսաստանում այն դեպքում, եթե ռուսերենը Հայաստանում ստանա պետական լեզվի կարգավիճակ:
«Մենք լսեցինք մեր գործընկերների հիմնավորումները, հանգամանորեն բերեցինք մեր հիմնավորումները, որոնց մեջ ի սկզբանե շեշտադրում էր դրված, որ վարորդական իրավունքների ճանաչման, և առհասարակ, ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի խնդիր Հայաստանում չկա և չի լինելու։ Դրա փոխարեն ռուսաց լեզվի դասավանդման մակարդակի բարելավման, ներկայացված հումանիտար ոլորտի փոխհարաբերությունների ինտենսիվ մակարդակի մասին հաղորդվել է տեղեկատվություն», - ընդգծեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Նա նշեց, որ ներկայացվել է նաև այն, որ ՀՀ Սահմանադրությամբ ռուս փոքրամասնությանը տրված է պատգամավորական երաշխավորված մանդատ։
«Հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում շատ ինտենսիվ զարգանում են և ռուսաց լեզուն մենք դիտարկում ենք որպես համաշխարհային նշանակության լեզուներից մեկը, որը նաև ռուսական քաղաքակրթության ժառանգության բանալի է, սակայն, Հայաստանում սահմանադրական կարգավիճակ շնորհելու որևէ հիմքեր և հեռանկարներ չունի», - ընդգծեց Ա.Աշոտյանը:
Նրա խոսքով, վարորդական իրավունքների ճանաչման խնդիրը երկու կողմերը պայմանավորվեցին քննարկումների առարկա դարձնել այլ հարթությունների մեջ։
«Պայմանավորվեցինք համատեղ քննարկումների ձևաչափ ունենալ, որպեսզի ոչ միայն այդ, այլ նաև մի շարք այլ խնդիրներ միջխորհրդարանական քննարկման արդյունավետ ձևաչափերով հետագայում մանրամասն քննարկվեն։ Երկու խոսնակներն այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերեցին, օրինակ՝ համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու», - տեղեկացրեց Ա.Աշոտյանը:
Նա նաև նշեց, որ այդ թեմայի շահարկումները անարդյունավետ են և որևէ իրական հիմնավորում չունեն։
«Կարծում եմ, որ նման լրահոսն ավելի շատ ռուսական լրատվամիջոցների կողմից է տարածվում՝ խնդրին կարևորություն տալու համար։ Այլապես, որպեսզի ինֆորմացիան սպառիչ լիներ, անպայման պետք է հնչեր, որ հայկական կողմը, մասնավորապես ես, այդ պահին ասաց այն, ինչն արդեն նշեցի», - հայտարարեց Ա.Աշոտյանը: