19/07/2017 09:52
Որպես փոխհատուցում՝ նախկին քաղաքապետի որդուն տեղավորել են անձնագրայինի պետի պաշտոնում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին` Հովհաննես Հակոբյանը, ԱԺ ընտրություններից հետո՝ մայիսին, կրկին նշանակվել է Մասիսի անձնագրային ծառայության պետի պաշտոնում։ Նա այդ պաշտոնից ազատվել էր այս տարվա մարտին՝ պաշտոնավարելով մի քանի ամիս։ Հովհաննես Հակոբյանն առաջին անգամ նշված պաշտոնում նշանակվել էր անցած տարվա սեպտեմբերի 18-ին՝ Մասիսի քաղաքապետի ընտրություններից հաշված օրեր առաջ։ Լուրեր կային, որ նա այդ պաշտոնին էր տեղավորվել գործող քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի միջնորդությամբ։
Որպես փոխհատուցում՝ ՀՀԿ-ի աջակցությունը ստացած Համբարձումյանը նախկին քաղաքապետի որդուն տեղավորել էր անձնագրայինի պետ։ Սակայն Հովհաննես Հակոբյանը պաշտոնը լքեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Լուրեր կային, որ ազատումը պայմանավորված է նրանով, որ Հակոբյանը պաշտպանում է ոչ թե Դավիթ Համբարձումյանի թեկնածու Մուրադ Մուրադյանի, այլ Արարատի մարզում ՀՀԿ-ից առաջադրված Արայիկ Գրիգորյանի թեկնածությունը։ Հակոբյանը ստանձնել էր Մասիսում Գրիգորյանի ենթաշտաբը կոորդինացնելու գործը»։
Սաշա Հակոբյանը թերթի լրագրողին ասել է, որ որդուն չեն ազատել, այլ օրենքի սահմաններում տեղափոխություն է կատարվել․ «Ժամանակավոր տեղափոխել են ուրիշ տեղ, ինչ-որ մի անձնագրայինի պետ գնացել է արձակուրդ, տեղափոխել են էդտեղ՝ իմ իմանալով։ Հետո ինքը հետ է եկել իր տեղը»։ Հարցին՝ գուցե Գրիգորյա՞նն է աջակցության դիմաց «հատուցել», վերջինս պատասխանել է. «Ոչ, հաստատ՝ ոչ»։