20/07/2017 09:23
Ոչ թե Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգն էր, այլ՝ Ամիրյանի բենեֆիսը. «Հրապարակ»
«Մեր խորին երախտագիտությունը Ձեզ, հարգելի պարոն Ամիրյան», - տարբեր եղանակներով, տարբեր շարադասությամբ, 2 րոպեանոց բացման խոսքում 3 անգամ «խորին շնորհակալություններ» հնչեցին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հասցեին, կարծես, ոչ թե Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգն էր, այլ՝ Ամիրյանի բենեֆիսը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Օրեր առաջ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթն էր հանդես գալիս: Մինչ համերգի մեկնարկը որոշել էին, որ պետք է խորին շնորհակալություններ հայտնեն մշակույթի նախարարություն «ժամանակակից շունչ» ներմուծած Արմեն Ամիրյանին։ Թե նախարարին «գովերգելու» միտքն ում էր պատկանում, չգիտենք, բայց հաղորդավարներից նման «գորովալից շնորհակալություններ» լսելը տհաճ էր: Իսկ բազմամարդ դահլիճում շատ զբոսաշրջիկներ կային և Սփյուռքից ժամանած հայեր», - հավելել է թերթը: