20/07/2017 16:22
Աշոտ Ղուլյանն ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապը
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Միացյալ Նահանգներից «Մեր զինվորների հետ» ծրագրով ժամանած Հայ երիտասարդաց դաշնակցություն կազմակերպության մի խումբ անդամների:
Ողջունելով ամերիկահայ երիտասարդներին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց՝ Արցախ այցելելու և սահմանը պաշտպանող զինվորների հետ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը: Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ հայության ապագան այսօր կանխորոշվում է Արցախի սահմանին, և կարևոր է համահայկական այն ընկալումը, որ այստեղ կանգնած զինվորը պաշտպանում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ու ողջ Սփյուռքի ազգային արժանապատվությունը:
Այնուհետև Ազգային ժողովի նախագահը ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը, Արցախի ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: