20/07/2017 18:37
Արա Զոհրապյանը դիմել է ՄԻՊ-ին` «նիստերի դահլիճից հեռացնելու» սանկցիայի հարցով
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հիմք ընդունելով ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջև 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված համագործակցության հուշագիրը դիմել է ՄԻՊ Արման Թաթոյանին` խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել»դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով, տեղեկացնում են ՓՊ լրատվական ծառայությունից:
Որպես գրության հիմնավորում փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ գործնականում ծագում է խնդիր, երբ դատարանը ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամը մեկնաբանում է ոչ թե աստղաբաշխական կամ աշխատանքային ժամ իմաստով, այլ՝ դատական աշխատանքային ժամ իմաստով:
ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ' որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
Փաստաբանների պալատի նախագահը գտել է, որ նշված նորմում կիրառվող «ժամ» հասկացությունը որոշակի չէ, և կարող է տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տալ, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն՝ նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:
«Դատական աշխատանքային ժամ» հասկացությամբ՝ հայցվորին դահլիճից հեռացնելը կիրառելու դեպքում, դատարանն այլևս չի կարողանա քաղաքացիական գործով դատական նիստ նշանակել, քանի որ՝
- առանց դատական նիստ նշանակելու և նիստն անցկացնելու չի սպառվի (կիրառվի) դատական սանկցիայով որոշված «դատական աշխատանքային ժամը»,
- դատական նիստ չի կարող նշանակվել, քանի դեռ դատական սանկցիայով որոշված «դատական աշխատանքային ժամը» չի կիրառվել:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության համաձայն՝ իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով:
Այս նորմից հետևում է, որ թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական դատավարական կանոններում դատական սանկցիայի «ժամ» հասկացությունն ունի նույն նշանակությունը: Հետևաբար, քաղաքացիական դատավարական իրավահարաբերություններում կիրառվող դատական սանկցիայի «ժամ» հասկացությունը, որն ըստ այդ նորմի մեկնաբանության չի կարող նշանակել «դատական աշխատանքային ժամ», նույն կերպ վերաբերում է քրեական դատավարական իրավահարաբերություններին: