20/07/2017 18:24
Արձակուրդների հետքերով. Կրթության նախարարը 8 տարի լավ հանգստացել է, որովհետև պաշտոնյա չէր
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դպրոցական ամառային արձակուրդներին հասցրել է մի քանի տեղում հանգստանալ։
«Դպրոցական տարիներին, քանի որ հայրս համալսարանում էր աշխատում ու, երբ որ քննությունների շրջան էր լինում, երբեմն անց ենք կացրել Հանքավանում, համալսարանային բազան էր հանգստյան տունը մեր»,- Aysor.am-ի հետ զրույցում, վերհիշելով ամառային արձակուրդները, ասում է նախարարը։
Նրա արձակուրդները, սակայն, այսքանով չեն սահմանափակվել. Լևոն Մկրտչյանը հասցրել է հանգստանալ նաև ծովափերում։
«Հիմնականում` ընտանիքով ծովափնյա շրջանում ենք հանգստացել՝ Աբխազիայում, Սոչիում։ Ու այդպես է եղել տարիներ շարունակ, էն ժամանակ հայ ժողովրդի մեծ մասն իր հանգիստն այդպես էր պատկերացնում», - ասում է Լևոն Մկրտչյանը։
Դպրոցական տարիների արձակուրդները, նրա համար, թերևս, ամենահետաքրքիրն են եղել։ Նա հասցրել է լինել անգամ Ֆրանսիայում։
«Հորաքրոջս մոտ եմ երբեմն եղել, որն ապրում էր Ֆրանսիայում», - նշում է Լ. Մկրտչյանը։
Ուսանողական տարիներին նա ավելի շատ ուսանողական ճամբարներում է հանգստացել։
«Առնվազն երկու ամիս հանգստանում էինք, ուսանողական փոխանակման շատ ծրագրեր կային, օրինակ, մի տարի ուսանողական ընկերներով, Սպարտակ Սեյրանյանն էլ էր մեզ հետ (Սպարտակ Սեյրանյանը նախկինում ՀՀ կրթության ու գիտության նախարարն էր՝ հեղ.), գնացել ենք Սևաստոպոլ», - ասում է նա, ապա հիացական հայացքով վերհիշում. «Լավ ենք անցկացրել ուսանողական տարիները»։
Հիմա, որպես պաշտոնյա, նախարարը հանգստանալու շատ ժամանակ չի ունենում, բայց հենց առիթ ու հնարավորություն է լինում, աշխատում է ծովափնյա որևէ տեղում հանգիստն անցկացնել։
«8 տարի լավ հանգստացել եմ, որովհետև պաշտոնյա չէի, մեկ-մեկուկես ամիս միշտ փորձել եմ ծովափնյա շրջանում անցկացնել հանգիստը։ Այս տարի դեռ չեմ պլանավորել՝ ինչ եմ անելու։ Տեսնենք, եթե արձակուրդը կա, կփորձենք մի տասն օրով ծովափ գնալ, շատ լավ կլինի», - ասում է ՀՀ կրթության ու գիտության նախարարը։