20/07/2017 10:27
Դանակահարված հոգեբանը հիվանդանոցում մահացել է
Այսօր մահացել է հուլիսի 19-ին իր գրասենյակում դանակահարված հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանը, Aysor.am-ին տեղեկացնում են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունից:
«Ռուբեն Պողոսյանը այսօր լուսադեմին մահացել է՝ կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով», -տեղեկացնում են հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պողոսյանը տեղի ունեցած միջադեպի հետևանքով շտապ օգնության ծառայության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հոգեբանի վրա դանակով հարձակում գործածը նրա հիվանդն է եղել: