20/07/2017 16:52
Հայաստանում զբոսաշրջիկներին ապշեցնում է գետերի աղտոտվածությունը
«Ազատության» եթերում՝ «Ըստ էության» ծրագրի շրջանակներում, զբոսաշրջության ներկայացուցիչները քննարկում էին ոլորտին առնչվող խնդիրները, մասնավորապես՝ զբոսաշրջային վայրերի աղբահանության հարցը:
Զբոսավար, լեռնային տուրիզմի մասնագետ Էդգար Նավասարդյանը պատմեց, որ ամեն օր արշավների ժամանակ ականատեսն է լինում զբոսաշրջիկների տարակուսանքին՝ աղբահանության հետ կապված:
«Ես հիմա տուրից եմ գալիս՝ Լոռու մարզից, ու կարող եմ ասել, որ աղտոտում են ոչ միայն հուշարձանների մոտակայքում գտնվող վայրերը, այլ նաև ջրային տարածքները՝ օրինակ, երբ տուրիստին պատմում ես Դեբեդ գետի մասին ու ցույց ես տալիս այն, նկատում ես վերջինիս ապշած հայացքը. ամենուրեք աղբ է», - նշեց նա:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Լիլիթ Խաչատուրյանը հակադարձեց՝ նշելով, որ վերջերս կոմիտեն կազմակերպել էր «Clean Armenia» արշավը, որի արդյունքում մեծ թվով զբոսաշրջային վայրեր մաքրվեցին, իսկ արշավի մասնակիցների մոտ ձևավորվեց տարածքը մաքուր պահելու պատասխանատվության զգացումը:
Էդգար Նավասարդյանը փաստեց, որ, իրականում, այդ արշավն ունեցել է դրական արդյունք, սակայն տեղացիները չեն դադարում աղտոտել զբոսաշրջության համար մեծ նշանակություն ունեցող վայրերը: