20/07/2017 16:29
Հայաստանում հիմնականում տան տղամարդը կամ տան մեծերն են դրդում սելեկտիվ աբորտների
«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի մի շարք համայնքներում իրականացրել է պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ, տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:
ՀԿ փոխնախագահ Անի Գաբրիելյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը մարդկանց մոտ երեխայի սեռի խտրականության հետ կապված կարծրատիպերը կոտրելն է։
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Երիտասարդական ալիք» ՀԿ ներկայացուցիչները թեմայի շուրջ տեղեկատվական ցուցատախտակներ են տեղադրել պոլիկլինիկաների, հիվանդանոցների տարածքներում, անհատական զրույցներ են անցկացվել հղիների հետ, ինֆորմացիոն բուկլետներ են բաժանվել, սելեկտիվ աբորտների կանխարգելմանն ուղղված պաստառներ են փակցվել մարդաշատ վայրերում։ Իրականացվել է նաև թեմատիկ ֆոտոցուցահանդես։ Շուրջ 80 լուսանկարներ ցուցադրվել են տարբեր վայրերում։
Անի Գաբրիելյանի ներկայացմամբ, երիտասարդ կանանց հետ զրույցներից եկել են եզրահանգման, որ վերջիններս երեխայի սեռի հետ կապված խնդիրներ չեն տեսնում, նրանք ասում են՝ կարևորը երեխան առողջ լինի։ Հիմնականում տան տղամարդը կամ տան մեծերն են դրդում սելեկտիվ աբորտների։ Ընդ որում, սելեկտիվ աբորտները հատկապես շատ են երկրորդ-երրորդ երեխայի դեպքում։
ՀԿ փոխնախագահը նաև ասել է, որ ծրագիրն արդյունավետ է եղել։