20/07/2017 12:07
Հայաստանի զարգացման հիմնադրամն ընդլայնում է աջակցությունը՝ Արցախի տնտեսավարողներին
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ՝ նոր գործարար ծրագրեր կազմելու, արտադրող ընկերություններին առավել արդյունավետ աջակցություն ապահովելու և գործընկեր կառույցի՝ Արցախի Ներդրումային հիմնադրամի հետ աշխատանքը սերտացնելու նպատակով։ Հիմնադրամը նաև նպատակ ունի իր հետագա ներդրումային ծրագրերում ընդգրկելու արցախյան գործարար ներուժը։
Աշխատանքային այցը բխում է անցած տարի նոյեմբերին հայկական երկու հանրապետությունների վարչապետների պայմանավորվածությունից՝ տարբեր կառույցների միջև համագործակցությունն ակտիվացնելու վերաբերյալ։
ՀԶՀ պատվիրակությանն ընդունել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը: Հանդիպմանը Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ՀԶՀ աջակցության գործիքակազմը, նշելով, որ օրինակ, միջազգային ցուցահանդեսների մասնակցությունն արդեն որոշակի արդյունքներ է ապահովել: Արցախի վարչապետն առաջարկել է արտահանման արդյունավետությունը բարձրացնելու և ծավալները մեծացնելու համար բրենդավորել որոշ ապրանքատեսակներ՝ մի քանի ընկերությունների միևնույն ապրանքանիշով ներկայանալու հնարավորություն տալով: ՀԶՀ գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել առաջարկը գործնական քայլերի վերածել, քանի որ դրանք կարող են խթանել նաև փոքր ընկերությունների զարգացումը:
Արցախի էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի հետ հանդիպմանը քննարկվել են նախարարության ու հիմնադրամի միջև մշտական ու առարկայական համագործակցության հարցերը:
Գործարար համայնքի և Արցախի Ներդրումային հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցության գործիքակազմը, արդյունքներն ու հաջողության պատմություններ։
Ներկայում Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցում է արտահանման ներուժ ունեցող արցախյան ընկերություններին. սննդարդյունաբերության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները մասնակցում են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներին, օտարերկրյա գործարար համաժողովներին, կազմակերպվում են գործարար այցեր, B2B հանդիպումներ, որոնց ընթացքում տնտեսվարողները նոր գործարար կապեր են հաստատել և պայմանագրեր կնքել օտարերկրյա մեծածախ գնորդների հետ։
Հիմնադրամի պատվիրակությունն այցելել է նաև գործարաններ, որոնք հիմնադրամի աջակցությամբ մասնակցել են միջազգային ցուցահանդեսների և արտահանման պատվերներ ստացել։ ՀԶՀ տնօրենը ծանոթացել է պատվերների կատարման ընթացքին, զարգացման ծրագրերին և հետաքրքրվել, թե արտադրողներն ինչ աջակցության կարիք ունեն՝ արտահանումն ավելացնելու համար։