20/07/2017 10:20
Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ
Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը Ձեր մշտական ուշադրության կենտրոնում են, ինչն իսկապես գնահատելի է, պարոն քաղաքապետ: Բոլորս ենք տեսնում, թե որքան սերտ է Երևանի և Ստեփանակերտի երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում: Լիահույս եմ, որ նույն ակտիվությունը կփոխանցվի նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև հարաբերություններին: Համոզված եղեք, որ Արցախում բարձր են գնահատում Երևանի հետ սերտ համագործակցությունը, ու վստահ եմ, որ Դուք և Ձեր թիմն այսուհետ ևս, հետևողականորեն կշարունակեք ձեր կարևոր ներդրումն ունենալ Արցախի շարունակական զարգացման և հզորացման գործում», - նշել է Բակո Սահակյանը:
Երևանի քաղաքապետը Արցախի Հանրապետության նախագահին ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական:
«Համոզված եղեք, պարոն նախագահ, որ մենք իրոք առանձնակի ենք կարևորում Արցախի հետ կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը, որը ինչպեսև նշեցիք, իսկապես, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, ավելին, մեր առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու համեմատաբար խոշոր ծրագրերի ու մասշտաբային նախաձեռնությունների կյանքի կոչումը, որոնք իրենց հերթին նպաստելու են Արցախի դինամիկ զարգացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը։