20/07/2017 15:42
Քուվեյթը վտարում է 15 իրանցի դիվանագետի, հայտնել են ԶԼՄ-ները
Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետի կարգադրել են հեռանալ երկրից՝ փակելով զինվորական կցորդի և մշակույթի կցորդի աշխատակազմը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
«Մենք դիվանագիտական միջոցներ ձեռնարկեցինք երկրում Իրանի դիվանագիտության ներկայացուցիչների դեմ՝ Քուվեյթի իրավունքների պաշտպանության համար», - հեռուստաալիքին հայտարարել է երկրի տեղեկատվության նախարարը:
Հեռուստաալիքին աղբյուրները հայտնել են, որ հինգշաբթի երկրի իշխանությունները նոտա են հղել Իրանի դեսպանությանը, որտեղ դիվանագետներին տեղեկացրել են զինվորական կցորդի և մշակույթի կցորդի աշխատակազմի փակման մասին: Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետի կարգադրել են 45 օրվա ընթացքում հեռանալ երկրից, այսպիսով, երկրում մնում են ընդամնեը չորս դիվանագետներ Իրանի Իսլամական Հանրապետությունից: Քուվեյթի կառավարությունը նաև դադարեցնում է Իրանի հետ բոլոր միջկառավարական կոմիտեների աշխատանքը: Այս միջոցները հետևել են Քուվեյթի դատարանի՝ հուլիսի 16-ին կայացրած դատավճռից հետո: Դատարանը բանտարկության է դատապարտել «ալ Աբդալի» խմբավորման բջջի անդամներին: Մեղադրող կողմը պնդել է, որ զինյալները վարժանքներ են անցել Իրանում «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավարությամբ: